|
Երիտասարդական խորհրդարան
2004 թ-ի փետրվարին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի աջակցությամբ ձևավորվեց Երիտասարդական խորհրդարանը: Կառույցը ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության վերաբերյալ օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն տալու, երիտասարդությանը վերաբերող հիմնահարցերի քննարկմանը երիտասարդների ակտիվ մասնակցությունն ապահովելու, երիտասարդ լիդերներ պատրաստելու նպատակով: ԵԽ-ն փորձում է նպաստել ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, երիտասարդներին մասնակից դարձնել օրինաստեղծ աշխատանքներին, օգնել երիտասարդ լիդերների ձևավորմանը, բարձրացնել նրանց իրավագիտակցությունը: Երիտասարդական խորհրադարանի առաջին նիստը կայացավ 2004 թվականի ապրիլի երկուսին, ինչպես և կարգն է` Ազգային ժողովի նիստերի դահլիճում, Հայաստանի օրհներգով: Երիտասարդ խորհրդարանականներին ողջունեցին և բարի երթ մաղթեցին նրանց ավագ գործընկերները` Ազգային ժողովի պատգամավորները և, որ բավականին հուզիչ ու անսպասելի էր երիտասարդների համար` փոխանցվեց Վեհափառ Հայրապետի օրհնությունը: Խորհրդարանը գործում է իր կանոնակարգին համապատասխան` նիստերի միջոցով: Նիստը վարում է նախագահողը, որն ընտրվում է պատգամավորներից` հաջորդաբար, ըստ տարիքի: Նախագահողի լիազորությունները պահպանվում են մինչև հաջորդ նիստի սկիզբը: Կառույցում ստեղծված մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտները համընկնում են ԱԺ-ի նույնանուն հանձնաժողովների գործունեությանը: Բնականաբար, հանձնաժողովներն իրենց աշխատանքներում շեշտը դնում են համապատասխան բնագավառներում երիտասարդությանը վերաբերող խնդիրների վրա: Թե’ Երիտասարդական խորհրդարանի նիստերը, և թե’ հանձնաժողովների նիստերը իրավազոր են, եթե նիստերին ներկա են պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Երեք անհարգելի բացակայության դեպքում պատգամավորի լիազորությունները ԵԽ-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվում են: ԵԽ-ն կազմակերպում է նաև արտագնա նիստեր` տեղում ծանոթանալու մարզային երիտասարդության խնդիրներին և մարզային երիտասարդությանը ներգրավելու ԵԽ աշխատանքներին: Արտագնա նիստեր գումարվել են բոլոր մարզերում, որտեղ և ստեղծվել են ԵԽ մարզային կառույցներ:
ԵԽ-ն իր գործունեության ընթացքում քննարկել է մոտ երեք տասնյակից ավելի օրենքների նախագծեր, մասնավորապես.
-
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին.
-
Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրք.
-
Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին.
-
Մանկապատանեկան սպորտի մասին.
-
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
-
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի մասին.
-
Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին.
-
Լոբիստական գործունեության մասին.
-
Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին.
-
Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին.
-
Դեղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին.
-
Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին.
-
Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին.
-
Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին.
-
մի շարք այլ օրինագծեր: Եվ ինչպես այդ նախագծերի հեղինակներն են նշել` քննարկումներն անցել են շատ հետաքրքիր և արդյունավետ: Իսկ մի շարք օրինագծերի վերաբերյալ ԵԽ-ի կողմից ներկայացված բազմաթիվ առաջարկությունները և դիտողությունները տեղ են գտել արդեն ընդունված օրենքներում: Կարևորվում է Կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ինստիտուտը, որի ժամանակ երիտասարների հարցերին պատասխանում են նիստերին նախօրոք հրավիրված փոխնախարարները:
<Երիտասարդական խորհրդարան> ՀԿ-ի նպատակը և խնդիրները
-
Կազմակերպության անդամների և աջակիցների գործունեությունը նպատակաուղղել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության, քաղաքացիական հասարակության կայացմանը.
-
Պաշտպանել բնակչության և հատկապես երիտասարդության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները և ազատությունները` անկախ նրանց ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
-
Նպաստել երիտասարդության իրավական մշակույթի բարձրացմանը, երիտասարդության աշխարհայցքի ձևավորմանը, երիտասարդության տեղի ու դերի հստակեցմանը քաղաքացիական հասարակության զարգացման ընթացքում.
-
Ուսումնասիրել համաշխարհային պատմաիրավագիտական արժեքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, օժանդակել ՀՀ օրենսդրության բարեփոխումների իրականացմանը, նպատակային ծրագրերի մշակմանը և իրագործմանը.
-
Աջակցել երիտասարդներին ներգրավելու բնապահպանական, բարեգործական, սոցիալական, կրթական, մշակութային, տեղեկատվական, գիտական ծրագրերին, երիտասարդությանն առնչվող խնդիրների արծարծմանը, հիմնահարցերի մշակմանը և դրանց հնարավոր լուծման ուղիների քննարկմանը.
-
Նպաստել Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի երիտասարդների, երիտասարդական միավորումների միջև հոգևոր, մշակութային, գիտակրթական, տնտեսական, հասարակական և այլ կապերի հաստատմանն ու զարգացմանը, հայապահպանության, հայագիտության զարգացման գործին:
ՀԿ-ի համագործակցությունը այլ կառույցների հետ
-
հասարակական կազմակերպություններ.
-
քաղաքական կուսակցություններ.
-
ԶԼՄ-ներ.
-
կրթական հաստատություններ.
-
պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ.
-
միջազգային կազմակերպություններ:
Երիտասարդների այն սոցիալական խմբերը, որոնք հանդիսանում են ՀԿ շահառուներ
-
կրթության, գիտության և մշակույթի երիտասարդ գործիչներ,
-
մարզային երիտասարդներ,
-
երիտասարդ մասնագետներ,
-
երիտասարդ քաղաքական գործիչներ,
-
երիտասարդներ:
|
|
|